Ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դա խայտառակ ապօրինություն է։
Իրավիճակը Շենգավիթի ոստիկանության մոտ լարվում է»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է Քննչական կոմիտեին։ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է` անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ):
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են ստիպել, որ Աշոտ Փաշինյանը նստի իրենց մեքենան։ Լրատվամիջոցի պնդմամբ այդ ՀԿ անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձին»: Կան բերման ենթարկվածներ։
Կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան», այնուհետև իրենց համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից: