Աշխատող ծնողներին պետք է երեխային մանկապարտեզից աշխատանքային ժամերից հետո վերցնելու հնարավորություն տալ․ Տիգրան Ավինյան

Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյա ռեժիմի հնարավորություն ստեղծել։

Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մեզ համար քննարկելու, կլինի հավելյալ վճարով, կլինի՝ չգիտեմ․․․ դա արդեն քննարկումների արդյունքում կհասկանանք, բայց կարծում եմ, որ ծնողներին, ովքեր որ աշխատում են, պետք է տալ հնարավորություն՝ աշխատանքային ժամերից հետո երեխային վերցնել մանկապարտեզից»,-ասաց Ավինյանը։

Նա նաև առաջարկեց հավաք անցկացնել մասնավոր մանկապարտեզների հետ։ «Մեթոդաբանության քննարկում անել, որովհետև կան մասնավոր մանկապարտեզներ, որոնց փորձը կարելի է ներդնել մեր համակարգում։ Ես հիշում եմ, որ վերջերս մանկապարտեզներից մեկը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել, բայց ավելի համապարփակ է պետք նայել, որովհետև այդ մեկ մանկարապտեզը չի, կան այլ մանկապարտեզներ, որոնց հետ քննարկումը մեզ չի խանգարի։ Մեզ մոտ կրթության որակի հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք ու անկախ նրանից՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական դերը բովանդակային առումով ինչ է, կարող ենք պրոակտիվ լինել, աշխատել ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի մեր առաջարկները որպես առաջնային օղակ ներկայացնենք այդ բովանդակությունը լրամշակելու հետ կապված»,-ասաց փոխնախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել