Ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները Արցախի երիտասարդության կրթության իրավունքի իրացման համար․ Գուրգեն Ներսիսյան

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուների կողմից ներկայացվել են արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքները:

Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են այս և մյուս խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները, ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները Արցախի երիտասարդության կրթության իրավունքի իրացման համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել