Հայ պատգամավորներն ԱՄՆ գործընկերներին Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և հետագա էսկալացիան կանխելու կոչ են արել

ՀՀ ԱԺ ՀայաստանԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում շարունակում են իրենց հանդիպումների շարքը ինչպես պետական կառույցների, այնպես էլ հեղինակավոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Մասնավորապես, բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենին:

Պատվիրակության անդամները հանդիպել են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմն Վիլսոնին, ամերիկյան հետազոտական Բրուքինգս ինստիտուտի արտաքին քաղաքականության գործադիր տնօրեն Էնդրյու Մոֆատին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի կենտրոնի փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, ինչպես նաեւ Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին:

ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումների ընթացքում ներկայացրել են, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒն, խախտելով հրադադարի ռեժիմը, հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ պատգամավորներն ԱՄՆ գործընկերներին Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու եւ հետագա էսկալացիան կանխելու կոչ են արել:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ անցակետի տեղադրման փաստը:

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին:

Խորհրդարանական պատվիրակության անդամներն ԱՄՆ գործընկերներին են ներկայացրել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Կողմերը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆի միջեւ առկա ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել