Փաստաբանն ուղիղ հեռարձակում էր իրականացնում Գրիգորի Խաչատուրովի մասնակցությամբ դռնփակ նիստից

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 12-ին, ընթանում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՊՆ N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործի քննությունը։ Նիստը դռնփակ է, սակայն Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանի դահլիճից ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր սկսել։

Ամեն ինչ սկսում է նրանից, որ փաստաբանը հայտնում է դատարանի դահլիճում տեղի ունեցող ապօրինությունների մասին, սակայն կոնկրետ չի ասում, թե ինչի մասին է խոսքը։ Այնուհետև դատավորը նկատում է, որ Միհրան Պողոսյանը տեսանկարահանում է անում և զգուշացնում է, որ դռնփակ նիստերը ձայնագրել չի թույլատրվում։ Ի պատասխան Գրիգորի Խաչատուրովի պաշտպանը նշում է, որ ինքը նախազգուշացվել է պետական գաղտնիք հրապարակելու հետ կապված գործողությունների վերաբերյալ․ «Ես տեսաձայնագրություն եմ անում, քանի որ այս պահին պետական գաղտնիք չի հրապարակվում»։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ այդ ընթացքում Գրիգորի Խաչատուրովի մյուս պաշտպանը, Հակոբ Ենոքյանը փորձում է առարկություններ ներկայացնել դատարանի գործողությունների դեմ։

Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը մի քանի անգամ հորդորեց անջատել հեռախոսը, սակայն Միհրան Պողոսյանը չենթարկվեց։ Այնուհետև, դատավորը նկատողություն հայտարարեց փաստաբանին։ Նիստը 10 րոպեով ընդմիջվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել