Շտապ օգնության աշխատակիցները նորածին երեխա են գտել, նրա առողջական վիճակը բավարար է․ ՔԿ

Շտապ օգնության աշխատակիցները Երևան քաղաքի Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին երեխա են գտել։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, առողջական վիճակը բավարար է։ Քննություն է իրականացվում՝ պարզելու երեխայի ծնվելու, այդ թվում՝ արտահիվանդանոցային ծննդաբերություն լինելու, տվյալ տարածքում երեխայի հայտնվելու հանգամանքները։ Իրականացվում են միջքցառումներ նաև մոր՝ ծննդկանի, ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց Աբրահամյանը։

182-րդ հոդված․ Վտանգի մեջ թողնելը

2. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամել, կամ ինքն է նրան դրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում, եթե կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել՝

3-րդ մաս, 3-րդ կետ

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։

Պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

247-րդ հոդված․ Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1-ին մաս․ Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել