Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրան հարցեր ուղղելու հնարավորություն է եղել։
Չեխաբնակ հայերից մեկը, որը ներկայացավ որպես արցախցի, Արցախի վաստակավոր նկարիչ, վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է ընդունում խաղաղությունը։
«Հողեր զիջելո՞վ, դուք միայն զիջում եք, Արցախը զիջեցիք, ոչինչ, մենք հասկացանք, Հայաստանի վեց, յոթ կետերն էլ․․․։ Պետության ղեկավարը դուք եք և չպետք է առաջնորդն ասի՝ հնարավոր չէ ամեն ինչ կարգավորել խաղաղությամբ, եթե հնարավոր չի՝ զիջում են պաշտոնը, կան ավելի խելացի մարդիկ տարբեր երկրներում և կարող են ղեկավարել»։
Վարչապետ ասաց, որ այդ խելացի մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին և ղեկավարել։
«Իսկ, կներեք, դուք ինչու՞ եք Չեխիայում ապրում։ Դուք ասում եք՝ Արցախը հանձնեցիք, շատ լավ։ Ես Արցախը չեմ հանձնել։ 2018 թվականից ես ամեն ինչ արել եմ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Ամեն ինչ արել եմ։ Ուրեմն բանակցային ողջ գործընթացում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Եթե որևէ մեկը ձեզ կասի, որ ինքը պատրաստում էր հող չզիջել, ինքը ձեղ սուտ կասի։ Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ես ստորագրել եմ հասկանալով, որ եթե չստորագրեմ, 30 հազար զինվոր գերի է մնալու, և եթե հիմա ԼՂ-ում ապրում են հայեր՝ չէին ապրելու։ Ապրելը անկյունաքարային բառ է։ Հայրենիքի մեր ընկալումն էլ է դրա մասին։ Մեծ հաշվով հայրենիքը այնտեղ է, որտեղ ապրում ես։ Կներեք, որ ձեր լսարանում նման բան եմ ասում, բայց այն է որտեղ ապրում ես։ Մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղ ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել և սովորաբար որտեղ ապրել ենք այդտեղ հայրենիք չենք համարել։ Հողի մասին եք ասում, իսկ մենք այդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, քանի մարդ էր ապրում այդ հողի վրա։ 30 տարվա ընթացում քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա։ Ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում այդ հողերի վրա մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորն ավել աշխատավարձ ստանա։ Համարյա՝ ոչ մի բան»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ պետք է ավարտել հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը։
«Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք և եկել եք, երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում։ Դուք, ձեր հեռանալով այդ հողը հանձնել եք, որովհետև հողը ձեզ համար է»։
Արձագանքելով վարչապետին՝ քաղաքացին նշեց, որ ինքը 250 հազար դոլարից ավել օգնութուն է ուղարկել Հայաստանին։
«Եվ ի՞նչ է տվել այդ 250 հազար դոլարը։ Մենք պետությանը պետք է դադարենք վերաբերել որպես որբանոցի։ 250 հազարով օգնել եք։ Պետությանը պետք է օգնել հարկեր վճարելով և հարկեր գեներացնելով»,-ասաց վարչապետը։