Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ Հայաստան-Իրան սահմանի մաքսակետի պայմաններին։ Նրա խոսքով՝ հարցն առաջացել է իրանահայերի և իրանցիների հետ շփումներից։
«Իրանից Հայաստան սահմանը հատելը ավտոմեքենայով տևում է մոտ մեկ ժամ։ Հայաստանի հատվածում տևում է 3-5 ժամ։ Մաքսատունն ամբողջովին կեղտի մեջ կորած է։ Չկա նորմալ սանհանգույց։ Այդ սանհանգույցից անգամ շները չեն օգտվում այնքան գաղջահոտ է փչում։ Աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ։ Մարդատար ավտոմեքենաները մտնում են նույն հերթի մեջ, որտեղ ֆուռերն են։ Մաքսատան ամբողջ տարածքում վայրի, կատաղած շներ են։ Աղբաման չկա, ջուր չկա։ Ինձ ասում են՝ կարողա՞ այսպես եք անում, որ էլ Հայաստան չգանք»,-ասաց պատգամավոր Նազարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրների մի մասն իրենք արձանագրել են և նա անձամբ էլ է արձանագրել։
«Մենք որոշում ենք կայացրել Մեղրիում նոր անցակետ կառուցելու ԵՄ-ի աջակցությամբ։ Եթե չեմ սխալվում 28 մլն դոլարի ծրագիր ենք իրականացնում, որ այդ խնդիրը լուծենք ֆունդամենտալ ձևով»,-ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ շատ ուզում են, որ իրանցիները և իրանահայերը հաճախ գան Հայաստան։