Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբությանն են ներկայացվել գեներալի ձերբալակալման իրավաչափության խնդիրներն ու դրա հետ կապված մտահոգությունները։ Նախաձեռնող խմբի անդամները կարևորել են գենարալ Խաչատուրովի վայրկյան առաջ ազատ արձակման հրամայականը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նախաձռնության առիթով և իր օրհնությունը փոխանցեց նախաձեռնող խմբի անդամներին։
__________
Հիշեցնենք, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը փետրվարի 20-ին ձերբակալվել էր։ Նրա ներկայացուցչի խոսքով՝ Խաչատուրովի ձերբակալումը կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։ Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի միջնորդություն՝ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով:
Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: