Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Պարտադիր հաշտարարության կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանելու, մինչև 2 ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հաշտարարության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Նույն հոդվածում լրացվող 8-րդ մասով սահմանվել է, որ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը ևս սահմանվում է Կառավարության որոշմամբ։
Հարկ է նշել, որ Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասով սահմանվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում հայցվորին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից` Կառավարության սահմանած չափով և կարգով՝ մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար։
Միաժամանակ հարկ է նշել, որ կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակներում լրացում է կատարվել նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի՝ դատարանը վճռի պատճառբանական մասում պետք է անդրադառնա «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափին:
Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել պարտադիր հաշտարարության, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարին վճարվող վարձատրության դրույքաչափը և պետական բյուջեից հայցվորին վճարման ենթակա գումարի չափը և վճարման կարգը։
Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի համար կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարի վարձատրության դրույքաչափը յուրաքանչյուր մեկ ժամի համար Նախագծով սահմանվում է 10.000 ՀՀ դրամ: Նախագծով սահմանվում են նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը՝ հաշտարարության յուրաքանչյուր մեկ ժամի համար 10.000 ՀՀ դրամ չափով:
Ըստ Նախագծի՝ պետական բյուջեից փոխհատուցումը ստանալու համար հայցվորը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: