Հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են մի շարք խնդիրներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան:
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.
🔻հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,
🔻հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն,
🔻հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,
🔻արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը,
🔻բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,
🔻արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով,
🔻արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ,
🔻առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,
🔻առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
🔻առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ,
🔻հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են,
🔻հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել