Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել է 151 մլն դրամ:
Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Վանանդ բնակավայր, որտեղ մասնավոր հատվածի կողմից իրականացվում է նուշի ինտենսիվ այգու հիմնման և ջրամբարի կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Վանանդ ագրո» ընկերությունը ձեռք է բերել 800 հեկտար հողատարածք, որի վրա արդեն իսկ հիմնվել է 360 հեկտար նուշի ինտենսիվ այգի: Կառուցվել է նաև 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է առաջիկայում կառուցել երկրորդ ջրամբարը և շարունակել այգու հիմնման աշխատանքները: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլրդ դրամ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը:
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Նոր Կեսարիա համայնքում, որտեղ զրուցել է գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: Նիկոլ Փաշինյանը հորդորել է օգտվել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և անցնել ինտենսիվ այգիների հիմնման, ինչն էապես կբարձրացնի արդյունավետությունն ու կլինի ջրի խնայողություն: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը կիրականացնի նաև անհրաժեշտ խորհրդատվություն:
Այստեղից կառավարության ղեկավարն այցելել է Սարդարապատ գյուղ՝ շրջայցի ընթացքում ծանոթացել տեղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախորդ տարվանից սկսած շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել գալիք սեպտեմբերին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող նախագիծը գնահատվում է 215 մլն դրամ: Մանկապարտեզը կկարողանա ընդունել 120 երեխայի:
Այնուհետև վարչապետը եղել է Մեծամոր համայնքում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խոյ համայնքում: Այստեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանը, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով:
Վարչապետը հաջորդիվ կանգառ է կատարել Մ-5 միջպետական ճանապարհի Մեծամոր-Խոյ հատվածում, որտեղ ներկայացվել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը: Դրանց արժեքը գնահատվում է 1 մլրդ 391 մլն դրամ: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի մարզում հիմնանորոգել 38 կմ ավտոճանապարհ:
Վարչապետը եղել է Ծաղկալանջ բնակավայրում, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերջերս ավարտվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմել է 97 մլն դրամ: Վերակառուցվել է 7 կմ երկարությամբ ջրագիծ, ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կազմում է 340: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին և նշել, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գյուղում խմելու ջրի 24-ժամյա մատակարարում չի եղել:
Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Էջմիածին քաղաք՝ նախ շրջայցի ընթացքում ծանոթացել Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կիառուցման աշխատանքների ընթացքին: Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն օգոստոսին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 271 մլն դրամ, միջոցները տրամադրվել են կառավարության կողմից: Դպրոցն ունի 606 աշակերտ:
Էջմիածնում վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Տիգրան Մեծ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների 1,7 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգման համար ներդրվել է 181 մլն դրամ:
Ջրառատ բնակավայրում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքը: Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի շահագործման սեպտեմբեր ամսին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:
Վարչապետի վերջին կանգառը եղել է Բաղրամյան բնակավայրում, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում փողոցի տուֆով սալարկման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 մլն դրամ: Վարչապետը կարևորել է տարբեր բնակավայրերում փողոցների և մայթերի սալարկման նման ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ և որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
Տարբեր համայնքներում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաև 44-օրյա պատերազմում հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: