Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից:
Թեև առկա հնարավորությունների սահմաններում պետության կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել բնակչության սոցիալական սուր կարիքների բավարարման ուղղությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 21-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով․
«Պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին: Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»: