Մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 պետական բուհ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ․ կառավարությունը տրամադրված է, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմենք մեր բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը՝ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ։ Մենք տրամադրված ենք, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի, բայց, եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։ Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնենք բուհերի հետ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ նախագիծն է լինելու՝ հավելելով, որ լուրջ և խորը թիմային աշխատանք է պետք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել