Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները այժմ փակել են Ամիրյան փողոցը՝ Հանրապետության հրապարակ տանող հատվածը։
Նրանք ժամանակ էին տվել, որպեսզի իրենց ընդունի Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նրանցից ոչ մեկը չի հանդիպել ծնողների հետ։
«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», – կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նշենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։
Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։