Սա մեգանախագիծ է՝ պատմական մասշտաբների, որը պետք է իրականացնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Հիմնադրվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Կառավարությունը այս մասին որոշումն ընդունեց ապրիլի 21-ի նիստին։

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի  համաձայն նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։ Ակադեմիական քաղաքի հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը:

Ելնելով նրանից, որ ակադեմիական քաղաքը հանդիսանում է Օրենքով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, առաջարկվում է ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որը պետք է իրականացնի՝

  • ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
  • համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
  • հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները,
  • մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը,
  • ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրականացման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ, կիրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանման ծախսերը նախատեսվում են ապահովել ՀՀ պետական բյուջեի «1162 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի «11002 Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման շրջանակներում:

2023 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար նախատեսվում է հատկացնել 55 190 000 ՀՀ դրամ (ՀՀ պետական բյուջեից հավելյալ ֆինանսավորում չի պահանջվելու), որն ուղղվելու է հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձի և այլ ծախսերի (անշարժ գույքի չափագրում, գրանցում, պետ տուրքեր, վճարներ, անշարժ գույքի պահպանման ծախսեր, գույքահարկ, գործուղման ծախսեր և այլն) տրամադրմանը: 2024 թվականից աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու պարագայում 12 ամսվա կտրվածքով այն կկազմի 117 320 000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել