Կառավարությունը ապրիլի 21-ի նիստին որոշում ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունների սահմանման մասին։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է սահմանել մեկ մլն դրամ չափով:
Սուրեն Պապիկյանը նաև մանրամասնեց, որ լիարժեք ծառայության՝ 6 ամիսն ամբողջությամբ ծառայելու դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար: