Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն, մարդիկ, ովքեր «տուն պահելու» նկատառումներով պետք է ապօրինությունների դիմեն և եռացող գործընթացներ, որոնք յուրաքանչյուր օր, տարբեր վայրերում ու տարբեր իրադարձությունների ժամանակ պայթում են:
Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու` այո´, շատերը չեն ուզում տեղի ունեցողի մաս դառնալ և ով ոնց կարողանում է` խուսափում է ներքաշվել իշխանության անօրինական գործողություններում:
Ե´վ քաղաքական, և´ ուժային մակարդակում որոշները հասկանում են, որ իշխանությունը հավերժ չէ, սակայն իրենց արարքները բռնության կամ մեկ այլ տեսքով արձանագրվում են ու ենթադրում են իրավական և բարոյական պատասխանատվություն, իսկ դրա ժամանակը կգա»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապիլի 20-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ի նշան բողոքի, չի իջնելու ամբիոնից, թույլ չի տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անվտանգության աշխատակիցներ հրավիրեց՝ Թովմասյանին ամբիոնի մոտից հեռացնելու համար։