Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է․ վարչապետը մանրամասնել է

Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել  որոշակի հեռավորության վրա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արմենպրես»ի հարցին ի պատասխան, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ի՞նչ իրավիճակ է:

«Մենք այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ և մենք, և ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանի տարածքում: «Նախկինում  իմ արած հայտարարությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3.6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել