Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել. Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները։

«Ադրբեջանի նախագահը ինչ ուզումա ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ, մեր հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում։

Ադրբեջանական կողմը անկեղծ չի, պետք է հստակեցնի բանակցային թեման։ Առաջարկել էի, որ արցախյան կողմը ձևակերպի այն կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին։ Դրանից հետո լսել ադրբեջանցիներին, եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսենք այլ հարցերի շուրջ։ Ադրբեջանը վերջիցա սկսում խոսելը, առանց փոխվստահություն ձեռք բերելու, ասում է պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի որ սկսեն փոխվստահությունից։

Արցախի ժողովուրդը 91 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ այդ մեկը իրավունք ունենա գնա բանակցի այլ կոնտեքստում։ Երեկ ՀՀ վարչապետը, մինչ այդ Ադրբեջանի ղեկավարը, Արցախի ղեկավարությունը, ընդհանրապես վերջին 30 տարում մեր ղեկավարությունը բանակցում են ինչ որ գաղտնի բաներ, որը իրականությանը չի համապատասխանում։

Սա մեր դժբախտությունն է։ Ժողովրդից պետք է մանդատ ստանաս, եթե ժողովուրդը ասի՝ գնա բանակցի Ադրբեջանի հետ ինտեգրացում, նոր կգնաս կանես։ Եթե ոչ, ապա պարտադիր ես դուրս չգալ Արցախի անկախության հռչակագրի սահմաններից։ Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։

Արցախի միակ կարգավիճակը անկախությունն է։ Եթե անգամ այլ կարգավիճակ պետք է ստանանք, դրա համար պետք է հանրաքվե անցկացնել Արցախում, ստանալ մանդատ, նոր միայն գնալ բանակցությունների։ Պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե, որ Ադրբեջանը ուժեղ է եղել»,- նշել է Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել