Ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:
Iravaban.net-ի փոխանցմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։
Նշվում է, որ միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 30 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։
Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2023 թվականի մարտի 1) երկարացնել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ , անհրաժեշտություն է առաջացել նախատեսված ֆինանսական միջոցները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով իրականացնելու համար որոշման մեջ սահմանել, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհյին անվտանգության տեսչական մարմինը։
Որոշումը շահառուներին տալիս է հնարավորություն բնակարանի գնման գործընթացը ողջամիտ ժամկետում կազմակերպել և ավարտին հասցնել՝ խուսափելով ժամկետի սղությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերից: