Երևանի ավագանու որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցն էլ նրբանցքներով՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչվեց Եգիպտոսի անվամբ: Միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչին զուգահեռ՝ Եգիպտոսում կանվանակոչվի փողոց Հայաստանի կամ Երևանի անվամբ:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվեց նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի, Երևանի հ.163 հիմնական դպրոցն էլ՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունով:
Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը: Նա նորագույն հայոց պատմության կարևորագույն կերպարներից է, ով կարողացավ փրկվել Ցեղասպանությունից և ամբողջ աշխարհին պատմել Օսմանյան Կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունների մասին:
Երևանի Մանկական այգում կտեղադրվի հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսուհետ կկրի «Կենդանիների խնամքի կենտրոն» անունը: Երևանի ավագանուն ներկայացված նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը: Համայնքային կազմակերպության տնօրենը նշեց, որ ստերջացումն ամբողջ աշխարհում գլխաքանակի կանոնակարգման ընդունված լավագույն տարբերակն է, և համայնքը կարողացավ այդ կերպ Երևանում թափառող կենդանիների գլխաքանակը բերել կառավարելի զանգվածի, այսօր արդեն հաջորդ փուլով ստեղծվում են կացարաններ: Հարություն Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գործընթացը չի ենթադրում, որ միանգամից մայրաքաղաքում մասսայական կհավաքվեն կենդանիները, այն կիրականացվի փուլ առ փուլ և հնարավորություն կտա գնալ խնդրի վերջնական լուծման: