«Շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր». Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման սահմանված չափորոշիչներում։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Արտաքին գովազդի շատ վահանակներ ու շենքերին փակցված գովազդներն այսօր աղավաղում են երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը:
Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ համակարգային փոփոխության հիմքում դրված է մեկ նպատակ՝ կանոնակարգել ոլորտն ու լուծումներ տալ առկա խնդիրներին.
«Երևանցիները, տնտեսվարողները պետք է հասկանան, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե՝ շենքի տեր: Գովազդը պետք է հարմարվի շենքին՝ հնարավորին համեստ լինի և չխաթարի արտաքին տեսքը, և ոչ թե հակառակը:
Առաջնային փուլով մենք անդրադառնում ենք ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող սուբյեկտներին, որովհետև իրենք առավել լավ պետք է պատկերացնեն, թե ինչպես է պետք պատասխանատու գործունեությամբ զբաղվել Երևանում,
երկրորդ փուլով՝ արդեն իրազեկման աշխատանքներով, հորդորներով նաև տուգանքների կիրառմամբ ու գովազդների ապամոնտաժմամբ մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքը չունենա այն տեսքը, որն այսօր առկա է մայրաքաղաքում»: