Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային, պատրաստվում է պատմել, թե որն է եղել 2020-ի հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:
«Մենք պայմանավորվել ենք, նաև պարտավորվել ենք, որ ես պետք է քննիչ հանձնաժողովում լսվեմ: Ես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցնում եմ՝ ընդդիմությունը գալո՞ւ է: Ինքն ասում է՝ չգիտի, հնարավոր է՝ չգա: Ասում եմ՝ լավ, եկանք, մարդիկ կասեն գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք-իրենցով նստեցին, խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, թողեցին, գնացին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ իր քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ քննարկում է, որպեսզի տարբերակ գտնեն հանձնաժողովում իր հարցաքննությունը հրապարակային անցկացնելու համար:
«Այստեղ ԱԳՆ-ն իր խնդիրներն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր և այլն: Ես հիմա մտածում եմ՝ եկա, քննիչ հանձնաժողովում խոսեցի, այդ խոսացածը «հույժ գաղտնի» կնիքով կնքեցին, դրեցինք «սեյֆը», ընդդիմությունը բոյկոտելու է, մարդիկ ասելու են էլի ծածկադմփոց արեցին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ռիսկերը ևս հասկանում է:
Նա հիշեցրեց նաև այն խոսակցությունը, թե հոկտեմբերի 19-ին վարչապետը հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը, իսկ Շուշի քաղաքն այդ ժամանակ դեռ Արցախի վերահսկողության տակ էր:
«Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե ես ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել այն ժամանակ: Եվ ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքում դեկտեմբերից ստեղծված վիճակը: Ասել եմ՝ այդ բաները, որ դուք առաջարկում եք, այդ պարագայում կարող է այսպիսի գործողություն լինի: Բայց այդ օրը որևէ թուղթ չստորագրելու վերջնական պատճառը դա չի եղել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ քննիչ հանձնաժողովում կասի, թե նաև որն է եղել դրա պատճառը: Նա հույս հայտնեց, որ կգան այն եզրակացության, որ դա կասի հրապարակային:
Փաշինյանն ընդգծեց, որ ոչ ոք չի կարող իրեն ավելի շատ մեղադրել, ինչքան ինքն է իրեն մեղադրում՝ հավելելով, որ մեղադրանքի էությունը չեն ձևակերպում: