Կառավարությունը Երևանի 2023թ․ բյուջեի եկամտային մասում Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն ավելացրել է 9 մլրդ 994 մլն դրամով և 480 մլն. դրամով, որոնք արդեն, ըստ ծրագրային նպատակայնության, կարտացոլվեն Երևանի բյուջեի ծախսային մասում: Այդ ծախսերի մեջ նախատեսվում է նաև առաջին փուլով կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։
Ավագանու անդամ Պավել Սարգսյանը հարց հնչեցրեց՝ Նոր Խարբերդ թաղամասում «Գազպրոմ Արմենիա»-ն ֆինանսական միջոցներ ներդնելու՞ է, թե՞ միայն համայնքի միջոցներով է արվելու։
Հարցին ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա իրականացվելու է կառավարության ֆինանսական միջոցներով․ «Այս տարի Նոր Խարբերդ թաղամասում կունենանք գազատար համակարգ, և մարդիկ հենց այս տարեվերջին գազ կունենան»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս ներդրումային ծրագիրը չի համարվում «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիր, հետևապես, չի կարող ազդել նաև սակագնի վրա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Նոր Խարբերդում նախատեսված են ենթակառուցվածքային այլ ծրագրեր՝ մանկապարտեզի, ջրագծի, նաև նոր ճանապարհի կառուցում։