Բացահայտվել է երևանաբնակ ամուսինների կողմից կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և գրեթե նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ։ Դրանց միջոցով վաճառվող թմրամիջոցների համար, որպես գումարի ստացման վճարային գործիք, նա տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն և 2019-2021թթ.. ընթացքում նշված խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:
Մասնավորապես, 26-ամյա երիտասարդի կողմից կառավարվող տելեգրամյան վերոնշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու շուրջ նամակագրություններ վարած անձանց հետ համաձայնության գալուց հետո երիտասարդի հաշվին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրի լուսանկարները գնորդների կողմից փոխանցելուց հետո, նրանց է ուղարկվել Երևան քաղաքում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված՝ ըստ քաշերի առանձնացված և փաթեթավորված թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով: Նշված եղանակով երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 162 գրամ «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված ընդհանուր 53.479.443 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 26-ամյա երիտասարդը, իր 24-ամյա կնոջ օժանդակությամբ, նշված գումարները փոխանցել է տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն իր և կնոջ կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։ Ապա նույն եղանակով դրանք փոխանցվել են ամուսինների էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել նրանց կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի համակցությամբ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Ամուսինների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: