Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «Ապագա կա» կարգախոսին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա: Նա այս մասին հայտարարել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

«Ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Եվ առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլ նաև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար: Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո, կա, և ես վստահ եմ դրանում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ լրահոսը, հանրային քննարկումները, միջազգային իրադրությունը նման վստահություն չեն տալիս: Բայց նա ասաց, որ հենց այսօր, հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա ՀՀ-ի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում՝ բնակելի ֆոնդի 12.2 տոկոսը: Վարչապետը շեշտեց, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբևէ այսպիսի ծավալներ չի ունեցել: «Եվ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլ նաև՝ միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով ծավալների մասին՝ վարչապետը նկատեց, որ սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: «Ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «Ապագա կա» կարգախոսին»,-ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել