Կալանավորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բարձրաստիճան սպայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, ում կողմից միջնորդությունը բավարարվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին):

Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել