Նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում տրամադրել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինծառայության մեջ չգտնվող անձանց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի 15.12.2021թ. N 1477-Լ հրամանը:

Դրա հիման վրա համապատասխան թափուր զինվորական պաշտոնը ժամանակավորապես համալրելու հրատապ անհրաժեշտության դեպքում, մինչև այդ պաշտոնին օրենքով սահմանված կարգով զինծառայողի նշանակումը, աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակվում է զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ: Նշված կարգով ԶՈՒ համապատասխան զորամասի թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ հակառակորդի նախահարձակ հրետանակոծության հետևանքով զոհվել է:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածով սահմանված օրենքի իմաստով զինծառայող համարվող անձինք, սակայն թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք այդ շարքում ներառված չեն, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից:

Փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում: Օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացում կատարել օրենքի կիրարկման վերաբերյալ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման 1-ին հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել