Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային եւ ժողովրդային հանդիպումներ ունեցա Արեւելյան եւ Արեւմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․
– պատերազմից հետո, պայմանավորված նաեւ երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության եւ անորոշության մեջ է,
֊ չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,
– Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,
– հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ եւ կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլեւ հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է»,- գրել է նա: