Իմ արարքը հայ տղամարդու, թասիբով հայի արարք է․ Արամ Նիկոլյան

Ոճաբան, հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ խոսելով Մարզահամերգային համալիրում Ադրբեջանի դրոշը վառելու արաքի մասին։

«Իմ արարքը հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբևիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը և ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ։ Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների։

Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, որ կարող է իմ արարքը վատ կերպով անդրադառնալ մեր սահմանում կանգնած տղաների համար։ Ես աղոթում եմ մեր տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են իմ սահմանները՝ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Վստահ եմ, որ եթե կան այդպիսի մարդիկ, որ կարծում են՝ ես չպետք է դա անեի, որովհետև․․․ թող կարծեն իրենց տանը, թաքցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը, փարատվեն դրանով։

Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, բոլոր հայերին, ովքեր կանգնած էին իմ մեջքի հետևում, ովքեր կանգնած էին մինչ այս ուշ ժամը ոստիկանության դիմաց ու սատարում էին ինձ»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ հագուստի մոդելավորող Արամ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն բացման արարողության ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը։ Անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են Մարզահամերգային համալիրից։ Ինչից հետո էլ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նշենք նաև, որ Արամ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել