«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ:
Այս մասին հայտնում են հիվանդանոցից։
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում տեղափոխվել են համալսարանական կլինիկա:
4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, իսկ 1 երեխա՝ մեկ այլ ընտանիքից:
Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է հիպերբարիկ օքսիգենացիա:
Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից:
Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ:
Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:
Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:
Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, ուշադիր լինել գազօջախին և անվտանգության սարքերին: