19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,-նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: