Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր պաշտոնապես գրավոր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առթիվ։ Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը։ Նրանց իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք հստակ մատնանշվել են հաղորդման մեջ։
Մամուլից տեղյակ եմ, որ այդ օրվա դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել նաև ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Թագուհի Թովմասյանը»,-նշել է նա։
Էդգար Ղազարյանը նաև զավեշտ է համարել, որ «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում, ուղիղ եթերում, լրագրողների և ողջ հասարակության աչքի առջև ակնհայտ խուլիգանություն և այլ հանցագործություններ կատարած խմբակի անդամները պիտի քննարկեն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով այն գլխավոր դատախազի միջնորդությունը, որի ընկերուհի-տեղակալը նույն օրը քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` խախտելով Սահմանադրությունը և իր ընտրությանն առնչվող բոլոր հնարավոր օրենքները»։