Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Մանասյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր տեսլականը կարող է հավակնոտ թվալ, որոշ դեպքերում՝ բարդ իրականանալի։
«Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը տարածելու եմ՝ հենց այս գաղափարը նկատի ունենալով։ Ընտրվելու դեպքում անելու եմ առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով։ Ես պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումներից»,- շեշտեց Անահիտ Մանասյանը։
Հավելենք նաև, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չէր տվել նրա թեկնածությանը։
Մանրամասները՝ տեսանյութում