Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

«AntiFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին «AntiFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության հրապարակային կոչ ու բռնության արդարացում։

Մասնավորապես, հաղորդման ընթացքում Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել:»:

Ապրիլի 10-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ն․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել