Ինչպե՞ս կարելի է ստանալ տեղեկանք դատվածության և հետախուզման առկայության մասին

ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից: Տեղեկանքում զետեղվող` անձի վերաբերյալ տվյալները ստուգվում են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:

Քանի որ նշված տեղեկանքը պարունակում է անձնական տեղեկություններ, դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա/Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),

բ/ Անձնագիր (բնօրինակ և պատճեն): Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա՝ լիազորված անձի անձնագիրը, լիազորագիրը և տվյալ անձի անձնագրի պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ/ Պետական տուրքի վճարման անդորրագիր: Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005163515:

Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից, և տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետության իշխանություններին ներկայացնելու դեպքում տեղեկանքը հաստատվում է ապոստիլով:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը տրամադրում է նաև օտարերկրյա պետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի երաշխավորում տեղեկանքների ստացումը կարճ ժամկետներում (ծառայության ժամկետ սահմանել հնարավոր չէ): Որոշ պետություններից նման տեղեկանքներ ստանալն անհնար է:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից տեղեկանք ստանալու համար հարկավոր է անձամբ (կամ լիազորված անձի միջոցով) ներկայանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա/ Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),

բ/ Անձնագիր: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա՝ լիազորված անձի անձնագիրը, լիազորագիրը և տվյալ անձի անձնագրի պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ/ Պետական տուրքի վճարման անդորրագիր.

դ/ Պետական տուրքի դրույքաչափը 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ է.

ե/ Մեկ գունավոր լուսանկար՝ 35×45 մմ չափսի (տեղեկանքը լուսանկարով ստանալու ցանկության դեպքում):

Տեղեկանքը տրամադրվում է հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից: Տեղեկանքը տրամադրվում է 8 աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել