Բանկոմատները՝ ավտոմատ գանձման մեքենաները, հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնելու գումարներ, կատարելու քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալու քարտային հաշվի մնացորդը, ստանալու քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։
Բանկոմատից օգտվելու հետ կապված մի շարք կանոնների մասին Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.am–ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։
Այսպիսով, բանկոմատից օգտվելիս կատարե՛ք հետևյալ քայլերն ու պահպանե՛ք անվտանգության հետևյալ կանոնները՝
–Ստուգե՛ք՝ արդյոք բանկոմատի կողքին նշվա՞ծ է Ձեր քարտի պատկերանշանը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):
–Քարտը տեղադրե՛ք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքե՛ք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել գործողությունները:
-PIN կոդը մուտքագրելիս զգուշացե՛ք, որ այլ մարդիկ չտեսնեն:
-Եթե բանկոմատի ստեղնաշարի վրա չկա պաշտպանական հարմարանք, ապա ինքնե՛րդ ձեռքով ծածկեք ստեղնաշարը, որպեսզի բացառեք զեղծարարների կողմից տեղադրված տեսախցիկներով կամ կողքից հետևողների պատճառով գումար կորցնելու վտանգը:
-3 անգամ PIN կոդը սխալ հավաքելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել: Այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր բանկին կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով, որպեսզի արգելափակեք քարտը՝ այլ անձանց կողմից գործարքներ կատարելու հետևանքով վնասներ կրելու հավանականությունը նվազեցնելու նպատակով:
-Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ անսարք է կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի պատկերանշանները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ, քարտը մուտք անելու տեղում՝ հավելյալ մասեր և կասկածներ հարուցող լրացուցիչ այլ պարագաներ, որոնք, ըստ ձեզ, կարող են լինել կեղծ:
-Աշխատեք հնարավորինս արագ կատարել բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ համարվել, կամ բանկոմատը կարող է քարտը դուրս մղել և երկար ժամանակ որոշակի գործողություններ չանելու դեպքում նաև «կուլ տալ»՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը, ցանկության դեպքում՝ նաև անդորրագիրը: Բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (կանխիկացման նվազագույն գումարը 1000 դրամ է):
-Մի՛ հաշվեք գումարը այլ մարդկանց ներկայությամբ, ինչը կարող է մեծացնել գողության հավանականությունը:
Այլ բանկի բանկոմատից գումարի կանխիկացման դեպքում բանկը հիմնականում գանձում է միջնորդավճարներ:
Մոտակայքում ձեր բանկի բանկոմատ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներում։