Մեծ հնարավորություններ, ռիսկեր ու մարդիկ․ ինչպես գոյատևել թվային փոխակերպման պայմաններում

Կային ժամանակներ, երբ ամեն ինչ հստակ էր։ Հիմա խաղի կանոններն այլ են, թեև դա չի նշանակում, որ դրանք պետք չեն։ Ամեն դեպքում՝ դեռ։ Ու չի կարելի ամեն նոր ծնված երևույթ անմիջապես պիտակել ու սկսել պայքարել դրա դեմ։ Սակայն հակառակ ծայրահեղությունն էլ կա, երբ կուրորեն հավատում ու վստահում ես մի բանի, ինչից գաղափար անգամ չունես ոչ միայն դու, այլ նաև դրա ստեղծողը։ 

Ի՞նչ անել։ Խելոք մարդիկ, գոնե սկզբի համար, խորհուրդ են տալիս՝ մտածել։ Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս գործակցել այդ տեխնոլոգիաների հետ։ Կշեռքի նժարին դնել բոլոր պլյուսներն ու մինուսները, հասկանալ՝ հնարավո՞ր է մինուսը դարձնել պլյուս։ Հետո նոր որոշել՝ աշխատե՞լ այդ տեխնոլոգիայի հետ, դեն գցե՞լ, թե տալ ի պահ, քանի որ հիմա դրա ժամանակը չէ։

Հենց նմանատիպ հարցերի շուրջ էլ մտորում են ոլորտի մասնագետները՝ օգտագործելով ու ստեղծելով ամեն հարմար առիթ։ Նմանատիպ միջավայրերից մեկն էլ դարձավ Doing Digital ֆորումը, որտեղ բոլորը քննարկում էին թվային փոխակերպման անհրաժեշտությունը, ռիսկերը ու փորձում պատասխաններ գտնել ու նոր հարցեր առաջ քաշել։ Կարծիքներ, խորհուրդներ, բանավեճեր՝ ինչքան ուզեք, բայց կարմիր թելով գնում էր մի միտք՝ բացվում են հսկայական հնարավորություններ, որոնք էլ իրենց հերթին բերում են ոչ պակաս հսկայական ռիսկեր։ Թվային փոխակերպումն իրականություն է, ու պետք է քննարկել ոչ թե դրա լավ ու վատ լինելը, այլ՝ ինչպե՞ս կառավարել ու չեզոքացնել նոր ստեղծվող ռիսկերը։

Խոսնակներն ու մասնագետները թվային փոխակերպումը բաժանել են ոլորտների՝ ըստ հրատապության ու առկա ռիսկերի մեծության։ Ֆորումի գլխավոր  խոսնակ Քրիս Սքիներն ընդգծեց, որ որոշ ոլորտներ առաջ են անցել, սակայն կան ոլորտներ, որոնք դեռ կաղում են, թեև թվային փոխակերպումն այդ ոլորտներում առաջնային անհրաժեշտություն է․

«Օրինակ՝ ես նկատում եմ, որ առողջապահական ոլորտում այդ փոխակերպումը բավականին դանդաղ է ընթանում։ Խոսքը մասնավոր կլինիկաների մասին չէ, այլ հանրային առողջապահական հիմնարկների։ Երբ ես խոսում եմ այդ մարդկանց հետ, երբ տեսնում եմ՝ ինչպես են աշխատում այդ կառույցները, հասկանում եմ, որ չափազանց հետ են մնում ժամանակակից տենդենցներից»,- նշում է Սքիները։

Ըստ նրա՝ տեխնոլոգիաները կարող են ահռելի ռեսուրսներ խնայել։ Այժմ դրանք շատ էժան են ու ներդնելով, օրինակ , գյուղատնտեսական որևէ տեխնոլոգիա, հնարավոր է անգամներով բարձրացնել ոլորտի արտադրողականությունը։

Սակայն թվային փոխակերպումը առաջին հերթին ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարդիկ։ Նրանց մտածելակերպում պետք է տեղի ունենա այդ վերափոխումը, որը կարող է լինել փուլերով՝ ընդունել իրականությունն ինչպես կա, փորձել ադապտացվել, հասկանալ՝ ինչպես կարելի է այդ իրականությունից օգուտ քաղել։ Այստեղից էլ ծնվում է ռազմավարությունը։ Ու երբ այդ փոքր ռազմավարությունները ծնվում են կենցաղում, բիզնեսն արդեն պետք է ունենա պատրաստի գլոբալ ռազմավարություն, որպեսզի հասցնի բավարարել արագ փոփոխվող ու մշտապես աճող շուկայի պահանջարկը։ 

«Հիմա կարևոր է ճիշտ գնահատել հաճախորդների կարիքները։ Ու փոխակերպման ճանապարհին ոտք դնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է տանք հարց՝ ինչո՞ւ ենք ուզում վերափոխվել։ Երբ գտնենք այս հարցի պատասխանը, մնացած հարցերն ու պատասխանները կդառնան գործիք փոխակերպման ճանապարհին»,- ասում է Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը։ 

Նա ընդգծում է, որ թվային փոխակերպումը ստեղծում է հսկայական հնարավորություններ ինչպես փողն արդյունավետ ծախսելու, այնպես էլ՝ վատնելու համար ու պետք է այդ ռիսկերը հաշվի առնել։

ICDT global ընկերության համահիմնադիր Մաքսիմ Միխայլովն էլ, անդրադառնալով ռիսկերին, ընդգծում է, որ հատկապես խոշոր ընկերությունները առաջին հերթին պետք է սովորեն աշխատել տապալումների հետ ու դրանց պայմաններում։ Անընդհատ փոփոխվող իրականությունում ստիպված ես լինում հաճախ իմպրովիզներ անել ու արագ որոշումներ կայացնել, որոնք ոչ միշտ են հանգեցնում ցանկալի արդյունքին, ու բիզնեսը պետք է պատաստ լինի դրան․

«Այն ընկերությունները, որոնք չեն կարողանա աշխատել իրենց տապալումների հետ, կկործանվեն կամ կտարրալուծվեն։ Մեզ սպասում է նաև աշխատաշուկայի վերադասավորում, ինչին պետք է պատրաստ լինել»,- ասում է Միխայլովը։

Իսկ աշխատաշուկայի վերադասավորում եղել է մարդկության պատմության ամբողջ ընթացքում։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերապրոֆիլավորվել։ Այո, որոշ մասնագիտություններ կվերանան, բայց դա եղել է միշտ։ 

Մի փոքր այլ է ֆինանսական շուկայում։ Visa Crypto-ի տնօրեն Դիլան Քալուն իր խոսքում ընգծեց, որ բոլոր բիզնեսները պետք է գոնե ունենան թվային փոխակերպման պլան։ COVID-19-ի համավարակը ցույց տվեց, որ «ջրի երեսին» մնացին միայն այն ընկերությունները, որոնք ունեին թվային պլատֆորմներ և առցանց վճարային համակարգ։ 

«Հիմա դաշտում հայտնվել են նոր խաղացողներ, խոսքը բլոքչեյնի մասին է ու նրանց անտեսել հնարավոր չէ։ Կան ռիսկեր, կառավարելիության պակաս, սակայն հնարավոր է գտնել լուծում, կամ մի քանի լուծումներ դրանք ինտեգրելու համար»,- ասում է Քալուն։

Զարգացումը կանգնեցնել հնարավոր չէ, անհրաժեշտ է պարզապես մի փոքր ավելի ճկուն լինել ու օգտագործել ընձեռնված առաջին իսկ հնարավորությունը։ Իսկ դրանք շատ են։

Հավելենք, որ Doing Digital Forum-ը կազմակերպվել էր առաջին անգամ: Հիմնադիր կազմակերպիչն է SPRING PR ընկերությունը, համակազմակերպիչը` Ամերիաբանկը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել