Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է: Ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բացման խոսքով ելույթ ունենալով խորհրդարանի թանգարանի վերաբացման արարողությանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն իր եւ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խմբի անունից շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` ծրագրին աջակցելու համար: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:
Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում նշել է, որ Շվեդիայի կառավարությունը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին` բարեփոխումների իրականացման գործում: «Անցած տարի եւ հատկապես այս տարի` այս կենտրոնի գործունեության առաջխաղացումն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեց Ազգային ժողովի ներկայացուցիչների միջեւ համագործակցության պլատֆորմի համար»,- ասել է նա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերաբացմանն աջակցած կառույցներին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչությանը, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, դեսպաններին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է վերակառուցված թանգարանի բացումը` նկատի ունենալով ժողովրդավարության տարածման տեսանկյունից խորհրդարանի առանձնահատուկ դերակատարությունն ու նրա` նաեւ ներկայացուցչական գործառույթ ունենալու հանգամանքը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը եւ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի պատասխանատուներին` ԱԺ վերափոխված եւ նորացված թանգարանի վերաբացմանը ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով թանգարանի վերաբացումը եւ վերափոխումն այն կարեւոր միջոցառումներից էր, որի համար մեծ ջանքեր են ներդրել թե’ ԱԺ աշխատակազմը, թե’ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աշխատակիցները: Թանգարանի նախագծման, վերանորոգման եւ ձեւափոխման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Ըստ Դավիթ Առաքելյանի` թանգարանն առավել հետաքրքիր կլինի ԱԺ այցելող հյուրերի` աշակերտների, ուսանողների եւ խորհրդարանական պատվիրակությունների համար:
Ազգային ժողովի թանգարանը բացվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառման շրջանակում: Թանգարանում ցուցադրված են տարբեր գումարումների խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ժամանակ ստացված հուշանվերներ, պատմական փաստաթղթեր, նկարներ, խորհրդարանի պատմության վերաբերյալ նյութեր` սկսած 1918 թվականից:
Վերակառուցված, նոր նյութերով համալրված թանգարանի վերաբացումն իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: