ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին․
«Ի պատասխան Արման Մուսինյանի
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել: Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել:
Հուսանք՝ ՀՀ ԱԺ նախագահի գրառումն ընթերցելուց հետո նա կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:
Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Կարելի էր, իհարկե, Ալեն Սիմոնյանին հուշել, որ.
– Անխելքություն է նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր՝ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ՝ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
– Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
– Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ՝ Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու», – Facebook-ում գրել է Մուսինյանը։