Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 28-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել են հիվանդությունների կանխարգելման լրացուցիչ ցուցանիշներ։
Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանով հաստատվել է նաև բոնուսային լրացուցիչ ցուցանիշների հիման վրա բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման և բուժանձնակազմի աշխատանքի վարձատրության կարգը։
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ՝ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Ցուցանիշների կիրառելիությունը՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտենյալ պայմաններով արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընտանեկան բժշկի, մանկաբույժի, թերապևտի աշխատանքի գնահատում
Ցուցանիշ 1. 18 տարեկան և բարձր տարիքի անձանց կանխարգելիչ այցերի ապահովում:
Սույն ցուցանիշի մասով կանխարգելիչ այց է համարվում առողջության առաջնային պահպանման ընտանեկան բժշկի, թերապևտի (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) մոտ առաջին անգամ կատարված և Նախարարի կողմից սահմանված ծավալին համապատասխանող այցը:
Ցուցանիշի հաշվարկ
Համարիչ` ԱԱՊ բժշկի մոտ տվյալ տարում կանխարգելիչ այց կատարած 18 տարեկան և բարձր տարիքի անձանց թիվ:
Հայտարար` Հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ԱԱՊ բժշկի կողմից հավաքագրված 18 տարեկան և բարձր տարիքի ազգաբնակչության թվաքանակը (եռամսյակների դեպքում տվյալ բնակչությանը համապատասխան տեսակարար կշիռը 25%, 50%, 75%, 100%):
Ցուցանիշ 2. 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկական հիվանդությամբ պացիենտների հսկողություն:
18 տարեկան և ավելի բարձր տարիքի այն անձանց տեսակարար կշիռը, ովքեր նախորդ 12 ամիսների ընթացքում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում են ստացել դիսպանսեր հսկողության (էնդոկրին (շաքարային դիաբետ) և սրտաբանական (ՍԻՀ քրոնիկ հիվանդություններ) ենթակա հիվանդության սրացման կամ բարդությունների առաջացման կապակցությամբ (ցանկում հետագայում ընդգրկել շտապ օգնության կանչերը):
Ցուցանիշի հաշվարկ
Համարիչ` ԱԱՊ բժշկի մոտ գրանցված 18 տարեկան և ավելի բարձր տարիքի այն անձանց թիվը, ովքեր հաշվետու ժամանակահատվածին նախորդող 12 ամիսների ընթացքում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում են ստացել դիսպանսեր հսկողության (էնդոկրին (շաքարային դիաբետ) և սրտաբանական (ՍԻՀ քրոնիկ հիվանդություններ) ենթակա հիվանդության սրացման կամ բարդությունների առաջացման կապակցությամբ և հաշվետու ժամանակահատվածում կատարել են առնվազն 2 այց:
Հայտարար` ԱԱՊ բժշկի մոտ գրանցված 18 տարեկան և բարձր տարիքի այն անձանց թիվը, ովքեր հաշվետու ժամանակահատվածին նախորդող 12 ամիսների ընթացքում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում են ստացել դիսպանսեր հսկողության (էնդոկրին (շաքարային դիաբետ) և սրտաբանական (ՍԻՀ քրոնիկ հիվանդություններ) ենթակա հիվանդության սրացման կամ բարդությունների առաջացման կապակցությամբ։
Ցուցանիշ 3. Մեծահասակների շրջանում քրոնիակական հիվանդությունների կապակցությամբ պլանային հոսպիտալացված պացիենտների նախնական այցերի տեսակարար կշիռ:
Ցուցանիշի հաշվարկ
Համարիչ` ԱԱՊ բժշկի մոտ գրանցված 18 տարեկան և ավելի բարձր տարիքի այն անձանց թիվը, ովքեր հոսպիտալացմանը նախորդող 1 ամսվա
ընթացքում կատարել են 2 և ավելի հաճախում:
Հայտարար՝ Հաշվետու ժամանակահատվածում ԱԱՊ բժշկի կողմից հիվանդանոցային բուժօգնության ուղեգրված պացիենտների թիվ:
Ցուցանիշ 4. Մինչև 18 տարեկան հոսպիտալացված երեխաների նախնական այցերի տեսակարար կշիռ:
Ցուցանիշի հաշվարկ
Համարիչ` ԱԱՊ բժշկի մոտ գրանցված մինչև 18 տարեկան երեխաների թիվը, ովքեր հոսպիտալացմանը նախորդող 1 ամսվա ընթացքում կատարել են 2 և ավելի հաճախում:
Հայտարար Հաշվետու ժամանակահատվածում հիվանդանոցային բուժօգնության ստացած հիվանդների թիվ:
ԿԱՐԳ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԸՍՏ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը կարգավորում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ իրականացնող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունների` ըստ գործունեությունը գնահատող ցուցանիշների խրախուսական ֆինանսավորման և անձնակազմի խրախուսական վարձատրության ֆոնդի ձևավորման, նրանց գործունեությունը գնահատող ցուցանիշների ներկայացման և գնահատման հետ կապված հարաբերությունները:
2. Ցուցանիշների հիման վրա ԱԱՊ բժիշկների գործունեության գնահատումը իրականացվում է առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այսուհետ` ՊԱԳ) կողմից, ինչը հիմք է հանդիսանում բժշկական կազմակերպությունների խրախուսական ֆինանսավորման համար:
3. Ըստ գործունեությունը գնահատող ցուցանիշների խրախուսական ֆինանսավորման համակարգում (այսուհետ` ըստ կատարողականի ֆինանսավորում) ընդգրկվելու նախապայման է հանդիսանում Էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների բազայի առկայությունը և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի N 35-Ն հրամանով հաստատված ԱԱՊ ծառայությունների մատուցման հաշվառման ձևի (այսուհետ ձև 002) միջոցով ԱԱՊ ծառայությունների մատուցման էլեկտրոնային հաշվառումը:
4. Ֆինանսավորումը իրականացվում է Առողջապահության նախարարի և բժշկակական կազմակերպությունների միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրով ամրագրված ֆինանասական միջոցների, ծառայությունների գների շրջանակում:
5. ԱԱՊ բժշկական հաստատությունների կողմից ՊԱԳ ներկայացված առողջապահության նախարարության հրամաններով և սույն ընթացակարգով սահմանված հաշվառման և հաշվետվության ձևերը, ինչպես նաև ԱԱՊ բժշկական հաստատությունների գործունեության գնահատման ցուցանիշների ցանկը և դրանց հաշվարկման սանդղակը:
2. ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՍՏ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԸՍՏ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
6. ԱԱՊ բժշկական հաստատությունների ըստ կատարողականի ֆինանսական միջոցները հատկացվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ամենամյա օրենքով` համապատասխան ծրագրով նախատեսված միջոցներից:
7. Ըստ կատարողականի ֆինանսավորման նորմատիվները որոշվում են ըստ առանձին տարիքային խմբերի` մինչև 18 տարեկան երեխաների համար, և 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար.
8. Ըստ կատարողականի ֆինանսավորումը իրականացվում է գործունեության ցուցանիշների եռամսյակային արդյունքների (առաջին եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) գնահատման հիման վրա՝ ըստ առանձին տարիքային խմբերի՝ հաշվետու ժամանակահատվածում տվյալ տարիքային խմբի անձանց համար հաշվարկված ֆինանսավորման տոկոսաչափից ելնելով, սակայն ոչ ավել քան տվյալ ԱԱՊ բուժհաստատության համար ըստ կատարողականի ֆինանսավորման պայմանագրային գումարը: ԱԱՊ բժշկական հաստատությունների ֆինանսավորման տոկոսաչափը հաշվարկվում է ելնելով սույն ընթացակարգի 1-ին հավելվածով հաստատված գործունեությունը գնահատող ցուցանիշների փաստացի կատարման մակարդակից:
9. ԱԱՊ բժշկական հաստատությունների համար ըստ կատարողականի ֆինանսավորման չափաքանակները /ըստ բժիշկների/ հաստատվում են առողջապահության նախարարի կողմից և դրանց ֆինանսավորումն իրականացվում է սույն կետով նախատեսված կարգով հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում:
10. ԱԱՊ բժշկական հաստատություններում սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների, դիտարկումների և մշտադիտարկումների, արդյունքները կարող են հիմք հանդիսանալ սույն կարգով նախատեսված ֆինանսավորման չափաքանակների և ժամկետների փոփոխման համար:
3. ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
11.Ըստ կատարողականի ֆինանսավորման համակարգին մասնակցող ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժիշկների (թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից իրենց դիմած յուրաքանչյուր քաղաքացու համար լրացվում են հաշվետվության ձև 002-ը: Լրացված հաշվետվության ձև 002-ի համապատասխան իրականացվում է տեղեկատվության մուտքագրում էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգ:
4. ԸՍՏ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
12. ԱԱՊ բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հաշվետվությունների դիտարկման, մշտադիտարկման և ուսումնասիրության
աշխատանքները իրականացվում են տվյալ ԱԱՊ բուժհաստատության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան:
5. ԱԱՊ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿ
13. ԱԱՊ բժշկական հաստատությունների կատարողական ցուցանիշների գնահատումը ըստ բժիշկների իրականացվում է ՊԱԳ-ի կողմից` սահմանված կարգով էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ներկայացված հաշվետվությունների հիման վրա` ինքնաշխատ եղանակով:
14. ԱԱՊ բուժհաստատության խրախուսական ֆինանսավորման ենթակա փաստացի գումարը որոշվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաշվետու ժամանակահատվածում (առաջին եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) փաստացի աշխատած բժիշկների միավորների հանրագումարի չափով:
15. Առաջին եռամսյակի խրախուսական վարձատրության ֆոնդը ձևավորվում է՝ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ազգաբնակչության թվի և 1 բնակչի համար հաշվարկված միավորի (մեկ բնակչի համար սահմանված տարեկան գնի եռամսյակային համամասանության) արտադրյալով, – իսկ երկրորդ և հաջորդող եռամսյակների խրախուսական վարձատրության ֆոնդը ձևավորվում է՝ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ազգաբնակչության թվի և 1 բնակչի համար հաշվարկված միավորի (մեկ բնակչի համար սահմանված տարեկան գնի եռամսյակային համամասանության) արտադրյալին ավելացնելով նախորդ եռամսակի խրախուսական վարձատրության ֆոնդի և փաստացի վճարված գումարի տարբերությամբ:
6. ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԱՊ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
16. Խրախուսական վարձատրությունը իրականացվում է գնահատման արդյունքների հիման վրա ԱԱՊ բժշկական կազմակերպություններին
հատկացված ֆինանսավորմանը հաջորդող ամսվա ընթացքում:
17. ԱԱՊ բժշկական հաստատությունների ըստ կատարողականի ֆինանսավորումից ստացված միջոցները ուղղվում են խրախուսական վարձատրությանը՝ ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի կողմից ըստ բժիշկների կատարված հաշվարկին համապատասխան:
18. ՊԱԳ-ի կողմից ըստ բժիշկների հաշվարկված լրացուցիչ վարձատրման մեջ բժշկական կազմակերպությունների կողմից կարող են կատարվել նաև արձակուրդային նվազեցումներ, բայց ոչ ավել, քան հաշվարկված գումարի 1/12 մասը:
19. Հաշվարկված խրախուսական վարձատրությանը ուղղվող միջոցները ԱԱՊ բժշկի և իր հետ անմիջականորեն աշխատող ԱԱՊ բուժքրոջ միջև բաշխվում է համապատասխանաբար 70% և 30% հարաբերակցությամբ: