Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից։
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները:
Այնուհետև անդրադարձ եղավ կիբերհանցավորության աճի միտումներին: Նշվեց, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումների և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:
Երկուստեք կարևորվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրեց Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար: