Սոցիալական կայքերում մեծ տարածում է գտել կեղծ հայտարարություն, որն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին ներդրում կատարել «Գազպրոմ Հայաստան» ընկերության արժեթղթերում և ստանալ մեծ եկամուտ:
Iravaban.net-ը Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, տեղեկանում է, որ րժեթղթերի շուկայում մասնագիտացած մասնակցի կեղծ լիցենզիայի հիման վրա խարդախները փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ քաղաքացիներին առաջարկելով գնել «Գազպրոմ Հայաստան» ընկերության արժեթղթերը շատ ցածր գնով և ամեն ամիս ստանալ անհամեմատ ավելի մեծ գումար: Խոստանում են նաև, որ առաջին դիմողները կստանան բոնուս՝ գումարի տեսքով, ինչպես նաև կունենան «անձնական մենեջեր», ով նրանց կօգնի արժեթղթերի գնման հարցում:
Օգտատերերի վստահությունը շահելու համար հայտարարությունների մեջ դնում են նաև ճանաչված պաշտոնատար անձանց և հայտնի մարդկանց լուսանկարներ:
Ոչ մի դեպքում մի՛ հավատացեք շատ լավը թվացող այսպիսի առաջարկներին, որքան էլ որ դրանք գրավիչ թվան: Նման կազմակերպությունները լիցենզավորված չեն և չեն գործում Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո: Բացի նրանից, որ նման դեպքերում կարող են ձեզնից վերցնել գումարը և դրա դիմաց ձեզ ոչ մի ծառայություն չմատուցել, նրանց հետ ցանկացած տեսակի գործարք կատարելը կարող է նաև վտանգի տակ դնել ձեր բանկային և անձնական տվյալների գաղտնիությունը:
ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՀԵՏԵՒՅԱԼ ԽԱՐԴԱԽ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
1․Կարող են ձեզ ներքաշել ֆինանսական խարդախության սխեմայում, շահագրգռել, որ նոր մարդկանց ներգրավեք, սակայն հանկարծակի կորեն ու կորզեն ձեր ու ձեր հարազատների գումարները:
2․Կարող են գողանալ ձեր բանկային հաշվին առկա գումարը:
3․Կարող են օգտագործել ձեր քարտային տվյալները՝ առցանց գնումներ կատարելու համար:
4․Կարող են ձեր անունից վարկ վերցնել, որը դուք ինքներդ ստիպված կլինեք մարել: Չմարելու դեպքում էլ կարող եք ձևավորել վատ վարկային պատմություն և զրկվել հետագայում վարկ ստանալու հնարավորությունից:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԵՒ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
-Զե՛րծ մնացեք ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող առաջարկներին արձագանքելուց: Եթե ցանկանում եք ստուգել՝ դա իրական է, թե ոչ, ապա ներդրումային առաջարկը նախ փնտրե՛ք այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում, այնուհետև ստուգե՛ք նաև՝ արդյոք ներդրումային ընկերությունն ունի Կենտրոնական բանկի լիցենզիան (cba.am, Ֆինանսական համակարգ և վերահսկողություն, Ֆինանսական կազմակերպություններ): Բացի այդ, Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների և մասնակիցների ցանկը կարող եք գտնել amx.am կայքում:
-Մի՛ տրամադրեք ձեր անձնական և բանկային տվյալները կասկածելի մարդկանց ու կազմակերպություններին (անձնագրի կամ սոցիալական քարտի համար, քարտային հաշվեհամար, գաղտնաբառ, CVV կոդ և այլն):
-Մի՛ անցեք կասկածելի հղումներով և մի՛ ներբեռնեք նման հայտարարությունների տակ տեղադրված ֆայլերը: