Կհստակեցվեն հարկային պարտավորության դադարման դեպքերը․ ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կհստակեցվեն հարկային պարտավորության դադարման դեպքերը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են հարկային պարտավորության դադարման դեպքերը: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հարկային պարտավորությունը դադարում է, երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, չի գանձվում:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են չկատարված հարկային պարտավորությունների անհուսալի համարվելու դեպքերը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը, ինչի հիման վրա ընդունվել է ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ   1269-Ն որոշումը:

«Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված չկատարված հարկային պարտավորությունն անհուսալի համարվելու դեպքերի մեջ առկա են դեպքեր, որոնք արդեն իսկ վերոնշյալ հոդվածի 1-ին մասով նախատեսված են որպես հարկային պարտավորության դադարման հիմք:

Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին սնանկ ճանաչելու հիմքերը:

Սակայն հարկ ենք համարում նշել, որ ««Սնանկության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՕ-445-Ն ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 12.10.2020թ.) 1-ին հոդվածով «Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետում կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։

Ստացվում է, որ նշվածի մասով Օրենսգրքում փոփոխություն չի կատարվել և պարտապանին սնանկ ճանաչելու հիմք է ընդունվում պարտավորության 1 մլն դրամը։

Ստացվում է, որ առկա են անհամապատասխանություններ և հակասություններ հարկային պարտավորության դադարման հիմքերի և որպես դադարման հիմք հանդիսացող չկատարված հարկային պարտավորությունները անհուսալի համարելու դեպքերի միջև: Ուստի, առկա անհամապատասխանությունների և հակասությունների վերացման նպատակով մշակվել է Օրենսգրքի 45-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ նախատեսող Նախագիծը։ Մասնավորապես՝

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ են շարադրվում Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հարկային պարտավորության դադարման դեպքերը, այն է՝

երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած,

երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և  վճռով ֆիզիկական անձը ազատվում է բոլոր պարտավորություններից բացառությամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 45-րդ  հոդվածի 2-րդ մասն (չկատարված հարկային պարտավորությունն անհուսալի համարելու դեպքերը) ուժը կորցրած ճանաչել` համապատասխան կարգավորումները նախատեսելով որպես հարկային պարտավորության դադարման առանձին դեպքեր, ինչի կապակցությամբ նախատեսվել է Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, մասնավորապես, հարկային պարտավորությունը դադարում է` երբ

7) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով և պարտավորության վճարման Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի։

8) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով և պարտավորության վճարման Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի։

9) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվել են ժառանգությունից և ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Միևնույն ժամանակ, նախագծով նախատեսվել է, որ Օրենքը պետք է տարածվի նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելն առկա հարկային պարտավորությունների նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել