Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների պայքարն արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Առաջին դեպքում բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Զննությամբ դպրոցի հետնամասում հայտնաբերվեց տարա, որի մեջ նույն պարունակությամբ ևս հինգ փաթեթ կար:
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Նույն օրը ձեռնարկված մեկ այլ միջոցառման ընթացքում Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Կորեայի ձոր կոչվող տարածքում նրանք ձերբակալեցին և, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 30 և 39 տարեկան երկու տղամարդու: Նրանցից մեկը` Եղվարդի, մյուսը Չարենցավանի բնակիչ է: Անձնական խուզարկությամբ 30-ամյա եղվարդցու մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենի 40 փաթեթ` կրիստալի նմանվող զանգվածով, ընդհանուր մոտ 85 գրամ քաշով:
Երկուսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: