Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կավելանա ավագ տնտեսագետի հաստիքը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2014 թ․ հուլիսի 3-Ի N 737-Ն որոշման մեջ լրացնելու կատարելու վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից մշակված որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավելացնել ավագ տնտեսագետի հաստիքը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում գործում է 9 տնտեսագետ: Տնտեսագետներից յուրաքանչյուրը ներկա պահին իրականացնում է ֆինանսական վերլուծություններ՝  Վարչության կողմից սկսված 30-40 ուսումնասիրություններով:

Վերլուծությունների ընթացքում տնտեսագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

  1. ֆինանսատնտեսական, ֆինանսաբանկային, հաշվապահական, հարկային և ոլորտին առնչվող այլ տեղեկատվության ստուգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների կազմման աշխատանքներ,
  2. մշտադիտարկում ոլորտի ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ,
  3. մասնագիտական գիտելիքի շրջանակներում ուսումնասիրության ուղղության, ծավալի և մեթոդների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հանգամանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում Վարչության դատախազներին,
  4. պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:

Ներկայումս Վարչության տնտեսագետները հաշվետու են Վարչության պետին, ով վերահսկում է տնտեսագետների կողմից կատարված աշխատանքը, այդ թվում՝  նրանց կատարած ֆինանսական վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը: Մինչդեռ, նշված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը վերահսկելու և ստուգելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան որակավորում և տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչության պետն ունի իրավաբանի որակավորում և չի կարող տիրապետել ֆինանսական վերլուծության հետ կապված նեղ մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև նկատի ունենալով Վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների քանակը և ծավալը՝ Վարչությանն անհրաժեշտ է ավագ տնտեսագետ, որն իր լիազորությունների շրջանակներում կվերահսկի և կստուգի Վարչության տնտեսագետների կողմից իրականացված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջականությունը և հաշվետու կլինի Վարչության պետին:

Այսպիսով, առաջարկվում է ավելացնել ավագ տնտեսագետի հաստիքը՝ ի հաշիվ Վարչության տնտեսագետների հաստիքների և նոր հաստիքի ավելացման անհրաժեշտություն չի առաջանալու: Միաժամանակ, հաստիքի ավելացման արդյունքում ՀՀ դատախազության ծախսերն ավելանալու են տարեկան 499,200 ՀՀ դրամով:

Առաջարկվում է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում և ավելացնել «ավագ տնտեսագետ» հաստիքը՝ 9.5 գործակցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել