Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է, հայտնում է Qahana.am-ը։
«Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը:
Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի. «Եվ Հիսուս արտասվեց…»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը»,-նշվում է հաղորդագրությունում: