Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է նարկայացրել Կառավարության 2005 թ․ հուլիսի 21-ի 1058-Ն, 2018 թ․ հուլիսի 4-ի N 762-Ն և 2016 թվականի օգոստոսի 11-ի N 831-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման կարևորությամբ:
Ներկայում Նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։
Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ որոշ դեպքերում 2-6 տարեկան երեխաների իրավունքներն ապահովելու նկատառումից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ծառայություն ստացողների տարիքային շեմը սահմանել նույնը։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող մեկ այլ կարգավորմամբ՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381 որոշմամբ արդեն իսկ ամրագրված է 2-18 տարեկան երեխաների խնամք ստանալու հնարավորությունը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարիքին համապատասխան ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից՝ հաշվի առնելով վերջիններիս վերականգնողական ներուժը, ինչպես նաև կանխելով վերջիններիս՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հայտնվելու ռիսկը։