Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչներից է. համայնքը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցությունը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի նախագծերի կառավարման ճկուն համակարգ, կվերագործարկվի «Ակտիվ քաղաքացի» հարթակը:
«Դեռևս նախորդ տարվանից սկսած «Mulberry» համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքն էականորեն բարելավվել է, այսօր մենք անցնում ենք հաջորդ փուլին, որը թույլ է տալու մայրաքաղաքում կյանքի կոչվող նախագծերի վերաբերյալ ունենալ հստակ ցանկ, պատասխանատուներ, ովքեր տեղեկացված կլինեն ժամկետներից, այդ ժամկետների ուշացման պատճառներից, մենք ինքներս էլ կկարողանանք այդ գործընթացներին հետևել: «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով էլ, բացի բնակիչների ծրագրային առաջարկներն ունենալուց, հետաքրքրություն ներկայացնող մեր նոր նախագծերը պարտադիր կդրվեն հանրային քննարկման»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Խորհրդակցությանը պատասխանատուներն ըստ ոլորտների ներկայացրել են ընթացիկ ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:
2023թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել շուրջ 700 վերելակ: Ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:
Նշվել է նաև, որ ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է «Գետառ» և «Ողջաբերդ» գետերի հուների մաքրման գործընթացը: Անդրադառնալով քաղաքի մաքրությանն ու մասնավորապես տարբեր հատվածներում թափվող շինաղբի խնդրին՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ ամենօրյա հսկողություն իրականացնել՝ նման երևույթները բացառելու համար:
«Մենք չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և կառուցապատողների նման վարքն ու վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Միայն հորդորներով չենք լուծի խնդիրը, մենք որոշակի մեխանիզմներ քննարկել ենք, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից: Դրանք պետք է անհապաղ կասեցվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը: